Բեթթին՝ Էլիզաբեթ Դանիելյանը, ծնվել է 2003 թ. մարտի 7-ին: 4 տարեկանում ընդունվել է Պարարվեստի պետական ուսումնարան, զուգահեռ հաճախել նաև քոլեջ: Սովորել է Ա. Պուշկինի անվան համար 8 դպրոցում: 6 տարեկանում ընդունվել է Երգի պետական թատրոն: Դեռ մանկուց զբաղվել է պրոֆեսիոնալ երգեցողությամբ:

Էլիզաբեթն այս ամենին զուգահեռ հաճախել է Ազգային գեղագիտական կենտրոն, սովորել է ասեղնագործություն, օրիգամի, նկարչություն, զբաղվում է խեցեգործությամբ: Էլիզաբեթը բացարձակ տիրապետում է չորս լեզվի՝ անգլերենի, իսպաներենի, ռուսերենի, հայերենի: Այժմ սովորում է չինարեն: 

Բեթթին բազմաթիվ երգերի և բանաստեղծությունների հեղինակ է, հաճախել է բալետի, վոկալի անհատական դասերի, կիթառի, այժմ սովորում է նվագել հարվածային գործիքներ: 7 տարեկանում ձայնագրել է «Պարաշփոթ» զուգերգը: 8 տարեկանում «Կարևորը` լուսավոր է» երգի հիման վրա նկարահանել է իր առաջին անհատական տեսահոլովակը: 

Սկսած 2012 թվականից տարիներ շարունակ Բեթթին աշխատել է Հայաստանի բոլոր առաջատար հեռուստատեսություններում, այդ թվում՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար։ Վարել է տարբեր ձևաչափերի հաղորդումներ, որոնց թվում են «Հրաշալի յոթնյակ Բեթթիի հետ», «Տանը մենակ» հաղորդաշարերը: Բեթթին հեռուստատեսությունում է հայտնվել, սակայն, ավելի վաղ տարիքում: Նա հաճախ էր նկարահանվում «Հայրենիք» մանկական հեռուստաալիքի «Քաղաքավարության կանոնները» հաղորդման շրջանակներում: Վերջերս Էլիզաբեթ Դանիելյանը «Բեթթի Շոու» հեռուստանախագիծը վարելու նպատակով հրավեր է ստացել Հայաստանի ամենահեղինակավոր երաժշտական հեռուստաալիք 21TV–ի կողմից։

2012-ը Բեթթիի համար հագեցած տարի էր ոչ միայն հեռուստաեթերների, այլև համերգների առումով: Նա որպես հյուր մասնակցել է մանկական «Նոր ալիք» միջազգային մրցույթին: Էլիզաբեթը բազմաթիվ մրցույթ-փառատոնների մրցանակակիր է, որոնց թվում է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը: 2012թ. ամռանը Բեթթին մասնակցել է Թուրքիայում կայացած մանկական սպորտային օլիմպիադային՝ Հայաստան բերելով 4 ոսկե մեդալ (հաղթելով իր մրցակիցներին մինի գոլֆ, դարձ, ջենգա մրցաձևերում):

2013թ.-ին Էլիզաբեթ Դանիելյանը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության կողմից ճանաչվել է «Հայաստանի մանկական լավագույն հեռուստադեմք»:

2014թ.-ին Բեթթին մասնակցության հայտ ներկայացրեց «Նոր Ալիք» ամենամյա միջազգային երաժշտական մրցույթ և անցավ կիսաեզրափակիչ (Մոսկվա):

2014թ.-ին Բեթթին մասնակցության հայտ է ներկայացրել և մասնակցել է Մանկական Եվրատեսիլի Հայաստանյան նախընտրական փուլին, որտեղ “People of the Sun” երգով 87 մասնակիցներից ճանաչվել է հաղթող: Այդ հաղթանակի շնորհիվ Բեթթին Հայաստանը ներկայացրել է Մանկական Եվրատեսիլ ամենահեղինակավոր երգի մրցույթում՝զբաղեցնելով 3–րդ հորիզոնականը։ Ի դեպ, Բեթթին Մանկական Եվրատեսիլի 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակցին զիջել է ընդամենը մեկ միավորով: Ավելին, Բեթթին մինչ օրս Մանկական Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում ամենաշատ 12 միավոր ստացած մասնակիցն է: 

2014թ.-ի ազգային մանկապատանեկան երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը Բեթթիին շնորհեց հատուկ մրցանակ՝ Հայաստանը Եվրատեսիլում լավագույնս ներկայացնելու համար:

2015-ին Բեթթին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից ստացել է հրավեր աշխատելու որպես հաղորդավար և վարել է «Ինչուների մոլորակ» հաղորդաշարը։

2016 թ.-ի հունիսի 7-ին տեղի ունեցավ Բեթթիի (Էլիզաբեթ Դանիելյանի) հեղինակային պատանեկան «New Generation» նախագծի համանուն երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Էլիզաբեթ Դանիելյանի, հաղորդավարական փորձառության և արտիստական հմտությունների սինթեզի արդյունքում ծնված «New Generation» նախագիծը բոլորովին նոր ձևաչափ է հայկական շոուբիզնեսում, որի կոնցեպտը, Բեթթիի մասնակցությամբ, հեռուստատեսային նախագծերի և համերգային շոուների հիմքն է դառնալու, որով Բեթթին մանկությունից անցում է կատարում դեպի պատանեկություն: «New Generation» նախագծի հաղորդագրությունը կոչ է նոր սերնդին համախմբվելու, միավորվելու, սեփական ուժերին և կարողություններին հավատալու և վստահ առաջ շարժվելու: 
2017 թ. Բեթթին մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ և սեպտեմբերին ԱՄՆ կառավարության կողմից ճանաչվեց որպես extraordinary անձ: Նման կարգավիճակ տրվում է արտակարգ ունակությունների տեր սահմանափակ թվով մարդկանց՝ բացառապես փայլուն գործունեության ու անցած ճանապարհի հիման վրա: 

2017 թ.-ին Բեթթին ԱՄՆ-ում ավարտեց Showcase & Acting Career ծրագիրը և ամերիկյան գործակալություններից համագործակցության առաջարկներ ստացավ: 2018 թ. արտիստը պայմանագիր կնքեց ամերիկյան հեղինակավոր գործակալություններից մեկի հետ, որն իրականացնելու է Բեթթիի առաջխաղացումն ամերիկյան մեդիա ոլորտում:

2018 թ. ԱՄՆ-ի Կոնգրեսը Բեթթիին գրին քարտ հանձնեց բացառապես իր գործունեության, անցած ճանապարհի, նվաճումների հիման վրա: